29/09/2017 16:40
Սպորտի նախարարը չի արձագանքում իրեն «շատ փոքր մարդ» համարող Կարեն Կարապետյանի գրասենյակին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի արձագանքում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին։
Նախարարը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը մեծ վնաս է հասցրել ֆեդերացիային։
Կարեն Կարապետյանի գրասենյակից էլ Aysor.am-ի հետ զրույցում արձագանքել էին նախարարին՝ նշելով՝ «սպորտի նախարարը շատ փոքր մարդ է, որ գնահատական տա Սամվել Կարապետյանի գործունեությանը»։
Aysor.am-ը նախարար Հրաչյա Ռոստոմյանից մեկնաբանություն խնդրեց։
«Աշխատանքային ժամ է հիմա, ես խորհրդակցության եմ, վեցից հետո զանգեք», - ասաց նախարարը։
Դիտարկմանը, թե ամեն անգամ մեկնաբանություն խնդրելիս դուք խորհրդակցության եք, բայց պատասխանում եք զանգերի, նախարարն արձագանքեց, թե «խորհրդակցության եմ» և առանց լսելու հաջորդ հարցը՝ հեռախոսն անջատեց։
Մեկնաբանություն խնդրեցինք նաև նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանից, ով պատասխանեց. «Չենք մեկնաբանում»։
«Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ կտանք իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել», - Aysor.am-ին ասել էին Կ. Կարապետյանի գրասենյակից՝ ընդգծելով՝ «սպորտի նախարարությունն ու նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը։
«Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի, իսկ եթե մարդը չի կարողանում աշխատել, զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին», - արձագանքել էին Կ. Կարապետյանի գրասենյակից։
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, սակայն այս տարի հրաժարական տվեց: Կարապետյանի հրաժարականից հետո ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքները համակարգում է ՀԱՕԿ-ը։