29/09/2017 14:14
Եղածը ի՞նչ է, եթե գնահատում ես, գնահատիր, թող լինի էլի. Տիգրան Մանսուրյանը՝ կոչումների մասին
Մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ոչ մի վատ բան չի տեսնում, երբ արտիստներին կամ հայտնի մարդկանց կոչումներ են շնորհվում:
Այսօր Կոմիտասի տուն-թանգարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով կոչումներ շնորհելու մասին հարցին՝ Տիգրան Մանսուրյանը ասաց. «Եթե կարելի է մեկին փաղաքշել, քաջալերել, թող դա լինի էլի, ի՞նչ է եղել, ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք առնում, ո՞ւմ ենք տալիս: Եղածը ի՞նչ է: Եթե գնահատում ես, գնահատիր, թող լինի էլի: Ի՞նչ կա էդտեղ: Մարդը… գիտե՞ք ինչ, փողոցում քայլող ամեն մեկը մի թեթև ժպիտի, մի թեթև կարեկցանքի մի թեթև աջակցության կարիք ունի, տանք իրար, ի՞նչ է, չեղած բան է էլի»:
Նշենք, որ Հոկտեմբերի 1-ին Վանաձորում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկում կայանալու է «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգը, որին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները:
Մաեստրոյի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է այդ դահլիճում, և Մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով: