30/09/2017 11:29
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ռազմականացնում են կիբեր տիրույթը. Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)
Կիբերհարձակումներն այսօր իրական պատերազմի մի մասն են, «Ժամանակակից պայմաններում կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունվետ հակազդման հարցերը» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Որոշ դեպքերում կիբերհարձակումները ենթակառուցվածքային լուրջ վնասներ են հասցրել: Արցախյան հակամարտության ժամանակ էլ կարելի էր տեսնել հիբրիդային պատերազմի տարրերի կիրառում», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշեց, թե այսօր առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս հակամարտությունը խորացնել խորը թիկունքում։
«Կարելի է ասել, որ այսօր բոլոր պատերազմներն էլ հիբրիդային պատերազմի տարրեր կրում են։ Օրինակ՝ Արցախյան հակամարտության դեպքում հիբրիդային պատերազմի տարրերից ամենաբնորոշը տեղեկատվական պատերազմն է. Հայաստանը նմանօրինակ պատերազմ վարելու փորձ ունի: Փաստացի, ինչ սկսվել է հակամարտությունը, տեղեկատվական պատերազմ է ընթանում, որը 2000-ականներից անցել է համացանցի դաշտ», - նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Որպես օրինակ՝ նա նշեց, որ հայ և ադրբեջանական ճակատների ամենաթեժ ընդհարումը եղավ 2012-ին, երբ տեղի ունեցավ Սաֆարովի արտահանձնումը։
«Փաստացի ընդհարում եղավ։ Այդ ընթացքում երկու կողմն էլ լուրջ տուժեց։ Այդ ժամանակ հայկական կողմն ավելի ագրեսիվ գործողություններ իրականացրեց», - հիշեցրեց Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ կիբերհարձակումների ոլորտում Ադրբեջանին օժանդակում է Թուրքիան, որը լուրջ ներուժ ունի.
«Վերջին մեկ-երկու տարում Ադրբեջանը ձևավորում է կիբերզորամիավորումներ, այնպես որ, պետք է հաշվի առնենք: Իսկ մեր դեպքում էլ մեր բանակն էլ ամեն զորակոչին հայտարարում է կիբերզորքերի համալրման մասին։ Այնպես որ, երկու կողմն էլ ռազմականացնում են կիբեր տիրույթը», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։