30/09/2017 10:37
Ցանկացած երկիր պետք է բարձրացնի հիբրիդային պատերազմների դեմ իր անվտանգային համակարգը. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի։
««Հիբրիդային պատերազմ» տերմինն ի հայտ եկավ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների և Միացյալ թագավորության համակցման փաստաթղթերում», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ իմաստն այն է, որ բացի զուտ ռազմական ուժի կիրառման ճանապարհով հակառակորդի վրա ազդեցություն թողնելու այլ հնարավորություններ ու մեխանիզներ կան՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական և այլն։
«Այսօր հիբրիդային պատերազմն անչափ կարևորվում է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ նաև՝ կոնֆլիկտների ընթացքում», - ասաց Խոսրով Հարությունյանը։
Եթե ռազմական գործողություններն առանց հիբրիդային մեխանիզմների «յոլա» չեն կարողանում գնալ, ապա, ըստ Խոսրով Հարությունյանի, հիբրիդային պատերազմները լինում են առանց ռազմական ուժի կիրառումով։
«Այդ տեսակետից սա բավականին բարդ տեխնոլոգիաներ է ենթադրում և ցանկացած երկիր իր անվտանգության համակարգը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգային համակարգը այնչափ կատարելագործել, իմունային հատկություններն այնպես բարելավել, որ կարողանան արդյունավետ հակազդել այդ հիբրիդային ազդեցություններին», - ասաց Հարությունյանը՝ նշելով, որ միջխորհրդարանական քննարկումներին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետներին։