30/09/2017 16:04
ՀՖՖ-ն Aysor.am-ի թղթակցին չի հավատարմագրել Հայաստան-Լեհաստան խաղին. պատճառը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին նյութերն են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Aysor.am-ի թղթակից Անի Վարդանյանին հավատարմագրել Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպմանը։
«Հարգելի Անի, Դուք չեք հավատարմագրվել, քանի որ Ձեր կողմից ուղարկված նյութերի մեջ առկա են քաղաքական ուղղվածության, ոչ մարզական բնույթի նյութերը», - մեր թղթակցի խաղին չհավատարմագրելը այսպես են պատճառաբանել ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ֆուտբոլի ֆեդերացիան հավատարմագրվելու համար պահանջում է հինգ նյութ՝ ֆուտբոլային թեմաներով, մեր թղթակիցը ուղարկել է հինգ ֆուտբոլային նյութ, որոնցից երկուսը վերաբերել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին ու հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին։
Այդ նյութերում Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՖՖ գործկոմի անդամներ Տարոն Մարգարյանի ու Սուքիաս Ավետիսյանի հետ, բայց ֆեդերացիան, երևի, մոռացել է, որ նրանք գործկոմի անդամներ են, նկատի է ունեցել միայն նրանց քաղաքական ուղղվածությունն ու համարել է, որ դրանք քաղաքական նյութեր են։
Փաստորեն, ֆեդերացիայի մասին գրելը ընկալվում է ոչ սպորտային անդրադարձ, մինչդեռ, դա հետևանք է սպորտային իրադարձությունների։
Ինչևէ, Aysor.am-ը շարունակելու է հետևել ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությանն ու անդրադառնալ բոլոր խնդիրներին։