02/10/2017 19:17
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լամբերտն ավարտում է կարիերան
Հարձակվող Ռիկի Լամբերտը 35 տարեկան հասակում որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է talkSport-ը: Վերջին շրջանում ֆուտբոլիստին հետապնդում էին վնասվածքները, ինչի արդյունքում Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը 19 տարվա կարիերայից հետո որոշել է այն ավարտել, փոխանցում է Championat.com-ը:
«Իմ բախտը բերել է, որ ես ֆուտբոլ եմ խաղացել այնքան, որքան` կարողացել եմ: Եղել են վերելքներ, վայրէջքներ, բայց ինձ բախտ է վիճակվել խաղալ այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Սաութհեմթոնը», «Լիվերպուլը»: Հանդես եմ եկել Անգլիայի հավաքականում, մասնակցել եմ աշխարհի առաջնության, և դա բարձրագույն երազանք էր:
Ցանկանում եմ շնրոհակալություն հայտնել այն բոլոր ակումբների երկրպագուներին, որոնց կազմում ես խաղացել եմ, բայց առանձնահատուկ` «Սաութհեմփթոնի» երկրպագուներին, որտեղ ես անցկացրել եմ իմ լավագույն տարիները», - ասել է Լամբերտը:
Իր կարիերայի ընթացքում Ռիկի Լամբերտը բացի «Սաութհեմթոնից» և «Լիվերպուլից» հանդես է եկել նաև «Բլեքփուլում», «Մաքլսֆիլդ Թաունում», «Սթոքփորթ Քաունթիում», «Ռոչդեյլում», «Բրիսթոլ Ռովերսում», «Վեսթ Բրովմիչ Ալբիոնում» և «Քարդիֆ Սիթիում»:
Ընդհանուր առմամբ՝ Լամբերտը 615 պաշտոնական հանդիպում է անցկացրել ակումբային մակարդակում, դարձել է 224 գոլի և 88 գոլային փոխանցման հեղինակ: 11 անգամ հարձակվողը կրել է Անգլիայի հավաքականի մարզաշապիկը և դարձել է 3 գոլի հեղինակ: