02/10/2017 15:31
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել է Բաքվում իր խոսքերը խեղաթյուրելու մեջ
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրելով Բաքվում իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։
«Վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ տեղական լրատվամիջոցները իմ խոսքերը ճիշտ չէին մեջբերել։ Սխալները շտկելու մեր պահանջներից առաջ լրատվական կայքերն արդեն օգտագործել էին սխալ տեղեկություններ։ Դրա համար ես պետք է կրկնեմ, որ ես երբեք չեմ առաջարկել վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը», - ասված է Ք.Վիգենինի հայտարարության մեջ։
«Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը և համանախագահներին, և կշարունակեմ աշխատել խորհրդարանական մակարդակում, որպեսզի աջակցեմ նրանց ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ճանապարհին», - հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքու կատարած այցի ժամանակ Քրիստիան Վիգենինը, իբր, հայտարարել է հետևյալը. «Մենք հասկանում ենք ադրբեջանական կողմի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ փաստացի որևէ առաջընթաց չի գրանցվել։ Հաջորդ տարի նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման 25 ամյակը, և դրա կազմը կարող է վերանայվել»։