02/10/2017 15:15
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու
Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին, տեղեկացնում է ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատունը:
Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Է. Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:
«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էնդրյու Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: