02/10/2017 19:23
Առանց Հայաստանի կողմից այս էական մասնակցության՝ եվրոպական մշակույթն իրապես ավելի աղքատ կլիներ. Պյոտր Սվիտալսկի
Սեփտեմբերի 30-ին Ստեփանավանում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկում մեկնարկեց Եվրոպական ժառանգության օրերը, որն այս տարի կրում է «Ժառանգությունը և բնությունը» խորագիրը: Մեկնարկը տվեցին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
«Խորհրդանշական է այս տարի 1931 թվականին ստեղծված հրաշագեղ այս դենդրոպարիկից ազդարարել Ժառանգության օրերի սկիզբը: Այս օրերին հանրության առջև իրենց դռները կբացեն Ազգային ժողովի, Կառավարության, Օպերային թատրոնի շենքերը, Կոնյակի գործարանը… Շենքեր, որոնք առօրյա կյանքում մեզ հասանելի չեն, բայց մեր ժառանգության կարևորագույն բաղկացուցիչ մասն են: Մեր ժառանգած բնությունը հենց այն միջավայրը ստեղծողն է, որը մենք անվանում ենք հայրենիք: Կարևոր առիթ է՝ ևս մեկ անգամ արժեվորելու այն, ինչ ունենք», - լրագրողների հետ զրույցի ընթացքում նկատեց Մշակույթի նախարարը:
Պ. Սվիտալսկին էլ ընդգծեց, որ Հայաստանն այն 50 երկրների խմբում է, որոնք մասնակցում են Եվրոպական ժառանգության օրերի տոնակատարությյանը:
«Շնորհակալ եմ Մշակույթի նախարարությանը և անձնապես նախարարին՝ այս գեղեցիկ ավանդույթին Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար: Եվրոպական միության համար սա պատեհ առիթ էր՝ ցույց տալու, թե որքան հարուստ է Հայաստանի ներդրումը եվրոպական համընդհանուր ժառանգության մեջ: Առանց Հայաստանի կողմից այս էական մասնակցության՝ եվրոպական մշակույթն իրապես ավելի աղքատ կլիներ: Ճարտարապետության ոլորտի եվրոպացի ուսանողներն իրենց ուսումնական պարտադիր ծրագրի շրջանակում պարտավոր են սովորել Զվարթնոցի տաճարի ճարտարապետությունը, Կոնսերվատորիայի սաները՝ Կոմիտասի ստեղծագործությունները», - նշեց դեսպանն ու ներկայացրեց նաև «Սոճուտ» դենդրոպարկի ստեղծման պատմությունը, որին քաջ տիրապետում էր:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս տարածքում հնարավոր է հյուրանոց կամ ռեստորան բացվի՝ բնապահպանության փոխնախարարը պատասխանեց, որ դրանք լոկ խոսակցություններ են, Կառավարությանը կամ նախարարությանը նման առաջարկ չի եղել ու թեման չի քննարկվել:
Ըստ փոխնախարարի՝ որոշ խնդիրներ կան տարածքի պահպանության առումով, սակայն այսօր առկա միջոցները բավարար չեն:
«Բացի պետբյուջեից հատկացվող գումարը՝ մուտքն ենք վճարովի դարձրել, որից փոքրիկ արտաբյուջե կձավորվի: Խոսրովի արգելոցի ցավալի դեպքից հետո մենք լայնորեն սկսել ենք համագործակցել դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ, կոմպլեքս լուծում ենք տալու անտառային հրդեհների կանխարգելիչ միջոցների համար՝ արագ ազդարարման համակարգեր, հատուկ տրանսպորտային տեխնիկա և այլն… Հուսամ, մինչև 2018 թվականի հրդեհավտանգ սեզիոնի սկիզբը այս բոլոր հարցերը լուծված կլինեն, - նշեց փոխնախարարը»:
Այնուհետև պատվիրակությունն ու լրագրողները շրջայց կատարեցինք «Սոճուտ»-ում, որտեղից էլ ուղևորվեցին «Լոռի բերդ»՝ ծանոթանալու այնտեղի խնդիրներին: Հայաստանի ամենաերկար ու խորը կիրճում նախարարին ու դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, երգ ու պարով:
Նշենք, որ Եվրոպական ժառանգության շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում ծառատունկներ են իրականացվել: