02/10/2017 12:45
18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը. Վիգեն Սարգսյանը ներկայացրեց տարկետման տրամադրման նոր հայեցակարգը (Տեսանյութ)
18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական պարտադիր ծառայության է զորակոչվում միայն 16-17 տոկոսը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով տարկետման իրավունքի տրամադրման առաջարկվող նոր հայեցակարգին ու «Զինվորական ծառայության» ու «Պաշտպանության» մասին ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններին:
«Այժմ մենք զորակոչում ենք 18 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր սովորում են ինչպես վճարովի այնպես էլ` անվճար համակարգում, եթե չունեն տարկետման իրավունք: Տարեկան բուհ է ընդունվում 5000-6000 հազար արական սեռի ուսանող, որոնցից տարկետման իրավունք է ստանում 700-ից 800-ը: Տարկետման հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի լավն է, քան ընդհատվածը: Ստացվում է, որ մենք ավելի ցածր նիշով ընդունված, այսինքն ավելի ցածր ակադեմիական հնարավորություններ ունեցող մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, ընդհատելով իր կրթական ցիկլը: Պետք է վատ թիվ հնչեցնեմ` 18 տարեկանում չզորակոչվածներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: Դա նշանակում է, որ առաջին ակադեմիական տարկետումը հիմք է դառնում բոլոր մնացած տարկետումների ու հետագայում բանակում չծառայելու համար», - բացատրեց նախարարը:
Վ.Սարգսյանը նշեց, որ տարկետման իրավունքի վերաբերալ ՊՆ քաղաքականությունը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրում, «Պաշտպանության» և «Զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծերում և միտված է հետևյալին.
«Առաջարկում ենք տարկետում տրամադրել այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 3 տարի ծառայել որպես սպա, ստանալ դրա համար աշխատավարձ և ստանալ պետությունից լիովին փոխհատուցում, թե իր բակալավրիատի ուսուցման, թե հետագայում նաև մագիստրատուրայի, ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում` «Լույս» ծրագրի շրջանակներում: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում: Այսինքն ստանում է հնարավորություն շարքայինի ժամկետային ծառայության փոխարեն անցնել սպայական ծառայություն` բակալավրիատի ավարտից հետո», - ասաց պաշտպանության նախարարն` ընդգծելով`«սա արդար ծրագիր է», քանի որ բացառում է ինչպես տարկետման տրամադրման գործընթացում հնարավոր անարդարություններն, այնպես էլ կարողանում է կարգավորել մի շարք խնդիրներ:
«Սրանով մենք նաև կարողանում ենք առանց ՌՈւՀ-երի ընդունելության կտրուկ ավելացման ու հասարակության ավելորդ ռազմականացման, տալ հնարավորություն կրտսեր սպայական կազմում ծառայել քաղաքացուն, ով ունի այլ մասնագիտություն ու ծառայության ավարտից հետո կաշխատի իր մասնագիտությամբ», - ասաց Վիգեն Սարգսյանը: