02/10/2017 12:30
ՀՀ ՊՆ-ն սպասում է իսրայելական անօդաչուների շուրջ սկանդալի վերաբերյալ լիարժեք հետաքննությանը
Վերահսկողությունը սպառազինություն մատակարարող երկրի ուղղակի պարտականությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հույս ունենք, որ քննությունը լիարժեք կանցկացվի, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», - նշեց Վ.Սարգսյանն` անդրադառնալով Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության շուրջ սկանդալին:
Հիշեցնենք՝ Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։
Իսրայելցի օպերատորները հրաժարվել են` չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։
Նշենք նաև, որ իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկման բաժինը ժամանակավորապես արգելափակել է կարևոր հաճախորդի հետ գործարքը՝ 20 միլիոն դոլլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ: