03/10/2017 13:02
Էդ հըլը հարց է՝ եթե հայտարարեիք, որ ԵՏՄ-ից դուրս եք ուզում գալ, կհաղթահարեի՞ք 7 %-ը, թե՞ ոչ. Շարմազանովը՝ «Ելք»-ին
Հայաստանի Ազգային ժողովում ընտրություններով անցած քաղաքական ուժերից առնվազն երեքը կողմ են արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, այսօր Ազգային ժողովում «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ես չեմ հիշում, որ «Ելք» դաշինքը ընտրությունների ժամանակ բացահայտ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, էդ հըլը հարց է՝ եթե հայտարարեիք, որ ԵՏՄ-ից դուրս եք ուզում գալ, կհաղթահարեի՞ք 7 տոկոսը, թե՞ ոչ։ Եթե խոսում ենք հասարակական կարծիքի մասին, ապա հասարակական կարծիքը ձևավորվել է ու կնիքն էլ խփվել է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ. ՀՀ հասարակության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ», - ԱԺ-ում հայտարարեց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պետք է մտածել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ վնասներ կարող է բերել Հայաստանին. «Մեկը թող ձեզ հարց տա՝ իսկ վնասները հաշվել ե՞ք։ Միայն ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի արդյունաբերողների համար գազի գինը երեսուն դոլարից ավել պակասել է։ Եվ միայն դրանից Հայաստանի արդյունաբերության օգուտն ավելի շատ է, քան մենք ստորագրեինք ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը», - նշեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանը տարածքային կորուստ է ունեցել ապրիլյան պատերազմում, Շարմազանովը հակադարձեց. «Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է ապրել, արցախյան Զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունը, մենք չենք պարտվել, Արցախը հաղթել է»։