03/10/2017 18:56
Քանի դեռ ոտքի վրա եմ, իմ ասելով է. Ջուլիետա Ստեփանյանը՝ «Նռան հատիկ» սերիալի ու կերպարի հետ իր նմանությունների մասին
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ Վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանն այս օրերին հեռուստադիտողին առավել շատ հանդիպում է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նռան հատիկ» հեռուստասերիալում՝ Ֆրիդայի կերպարով:
Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց՝ թեև այնպես չի, որ երբևէ խուսափել է սերիալներում նկարահանվելուց, սակայն այս անգամ առավել մեծ սիրով է ընդունել առաջարկը՝ հաշվի առնելով թե՛ սցենարական ուղղվածությունը, թե՛ դերասանական կազմը:
«Ինձ զանգեցին, ասացին, որ հարուստ տան տատիկի կերպար են առաջարկում, այդ տանը բոլորը տատիկի խոսքով են շարժվում: Սցենարն անմիջապես ինձ դուր եկավ ու համաձայնեցի: Հաճույքով եմ գնում նկարահանումներին: Կարծում եմ՝ սցենարը գնալով ավելի հետաքրքիր է դառնալու, հիմքը լավն է: Շնորհակալ եմ, որ Դիանա Գրիգորյանն այս կերպարը վստահեց ինձ», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Ըստ Ջուլիետա Ստեփանյանի՝ իր մարմնավորած հերոսուհին դրական ու բարի մարդ է. ճշմարտության կողմնակից, չի ընդունում ստորությունը, չարությունն ու խաբեությունը:
«Խիստ կին է, ով ցանկանում է կարգ ու կանոն պահպանել թե՛ ընտանիքում, թե՛ ամենուր: Բարեգործություններ է անում: Հարսին էլ չի սիրում՝ հիմնավորվաված պատճառով. նրա մայրը եղել է այս կնոջ աշխատակցուհին, ում սեփական դուստրը ծերանոց է գցել», -մանրամասնեց նա:
Դերասանուհին նկատում է՝ կերպարն իրեն իրականում շատ նման է: Ֆրիդան իր մեջ ունի առանձնահատուկություններ, որոնք Ջուլիետային էլ բնորոշ են: Նկատառմանը, թե իր ընտանիքո՞ւմ էլ «ասողն» ինքն է, երեք դուստրերի մայրը պատասխանեց.
«Թե՛ նրա, թե՛ իմ մեջ կա և՛ ուրախ ու տխուր կինը, և՛ շատ խիստ կինը: Այս կերպարի լրջությունն ինձ շատ դուր եկավ, ազդեցիկ է… Ինչ վերաբերում է «ասողին», ապա չեմ թաքցնի, այսպես թե այնպես, ես եմ ասում (ծիծաղում է, հեղ.): Բայց այնքան էլ չոր չեմ, ուղղակի քանի դեռ ոտքի վրա եմ, իմ ասելով է: Իհարկե, կան հարցեր, որոնցում իրենց հետ համաձայնվում եմ»:
Անդրադառնալով դերասանական կազմին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհին ընդգծեց, որ նույն թիմում հավաքվել են իսկական պրոֆեսիոնալներ:
«Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները՝ Լևոն Հարությունյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Արա Դեղտրիկյանը շատ պրոֆեսիոնալ են: Կցանկանամ առանձնացնել նաև իմ կերպարի թոռնիկին՝ Հայկ Չոմոյանին, ով թեև բացասական հերոս է, բայց շատ լավ է խաղում իր դերը: Տաղանդավոր տղա է», - առանձնացրեց նա:
Որքան էլ սերիալը հարուստ է պրոֆեսիոնալներով, միևնույն է, աչքի են ընկնում նաև ոլորտին անծանոթ սկսնակները: Օրինակ, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երգչուհի Ռոզա Ֆիլբերգը: «Նռան հատիկը» նրա համար մեկնարկային է.
«Այդ աղջիկն արտաքինով համապատասխանում է կերպարին, հավանաբար այդ պատճառով էլ նրան են ընտրել: Եթե նույնիսկ որոշ թերություններ կան, ապա ոչինչ, աղջիկ է, կբացվի»:
Ջ. Ստեփանյանը սերիալներում խաղում է 2006 թվականից: Հետաքրքրվեցինք՝ արդյոք 11 տարվա ընթացքում հոնորարային առումով առաջընթաց արձանագրվել է: Պարզվեց՝ ընդհակառակը.
«Հիմա հոնորարն առավել նվազել է, տարբերությունը շատ մեծ է: Իհարկե, սկզբում մի քիչ ըմբոստացա, բայց հետո հասկացա. Իրենք ի՞նչ կարող են անել, բյուջե չի տրամադրվում»:
Դերասանուհուն բոլորովին չի անհանգստացնում սերիալների երկարաժամկետ լինելու փաստը: Նկատում է՝ երբ ամեն օր գնում է թատրոն, բեմ բարձրանում, ապա ինչո՞ւ չի կարող ամեն օր նկարահանման հրապարակում լինել.
«Որքան էլ մարդը ֆիզիկապես հոգնի, միևնույն է՝ իր աշխատանքն իր համար պետք է կարևոր լինի: Կոնկրետ այս ֆիլմի համար մեզ 1 տարի են ասել, թե հետո ի՞նչ կլինի,չգիտեմ»:
Վաստակավոր արտիստուհին զբաղվածություն ունի նաև «Մեա Կուլպա-2» ներկայացման մեջ, որտեղ տղամարդ-օլիգարխի է մարմնավորում: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ հենց կնոջ է վստահվել տղամարդու դերը, պատասխանեց.
«Ռեժիսոր Արթուր Սահակյանը որոշ օլիգարխների մեջ տեսնում է, մեղմ ասած, մի էակի, ով ոչ կին է, ոչ էլ՝ տղամարդ, անհատ ծագման է: Ինձ համար շատ դժվար է տղամարդու կերպարանավորելը, սկզբում կասկածում էի՝ առաջարկն ընդունե՞մ, թե՞ ոչ: «Մեա կուլպա»-ն որակյալ ներկայացում է, վախենում էի «փչացնել»: Փառք Աստծո, իրենք գոհ մնացին իմ խաղից»: