03/10/2017 12:26
Ինչո՞ւ էր 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը ութսունականների զենքով կռվում. Փաշինյանի հիմնավորումները
ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության գոտում շոշափելի կորուստներ է ունեցել, այսօր Ազգային ժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Դրան զուգահեռ, ըստ Փաշինյանի, Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են անկում ապրել։
«Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա երբ մենք բարձրացնում ենք հարցը, թե ինչո՞ւ է 2016-ին ԵԱՏՄ անդամ Հայաստանը ութսունականների զենքով կռվում, մեզ ասում են՝ բաներ կան, որ չենք կարող ասել։ Եթե բաներ կան, որ չեք կարող ասել, դրա համար առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որտեղ նիստերը կլինեն դռնփակ ռեժիմով, որ ձեր ասելիքն ասեք», - հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով՝ ասաց, որ 2013-ի առաջին կիսամյակում 11.464 տոննա մրգեղեն է արտահանվել, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 6 922 տոննա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 253 տոննա։
«Այսինքն՝ ինը հազար տոննայով պակասել է մրգեղենի արտահանումը։ Մենք կարծում ենք, որ մեր բերած փաստարկներին հակափաստարկներ չեն հնչել։ Եկեք այս աշխատանքային ֆորմատում քննարկենք այն բաները, որոնք դուք չեք ցանկանում հրապարակել», - հայտարարեց Փաշինյանը։