04/10/2017 18:58
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ու Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը կհամագործակցեն
Այսօր ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» և առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ի ՊՈԱԿ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը և արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սմբատ Դաղբաշյանը:
Դրա շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել մոլեկուլային կենսաբանության և կենսաինֆորմատիկայի ոլորտի որոշ հարցերին վերաբերող մասնագիտական տեղեկատվության և գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների և պարբերականների փոխանակման շուրջ:
Կողմերը պայմանավորվել են նաև ըստ անհրաժեշտության տրամադրել առաջիկա աշխատանքների կատարման համար անհրաժեշտ սարքեր, համատեղ իրականացնել ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպել գիտական հանդիպումներ, սեմինարներ և խորհրդակցություններ:
ԱԿ տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ Արյունաբանական կենտրոնը կազմակերպելու է հիվանդների արյան նմուշների հավաքում և կլինիկական տվյալների հավաքագրում:
Իր հերթին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշել է հիվանդների կենսաբանական նմուշներում մոլեկուլաբջջային և գենետիկական հետազոտություններ իրականացնելու պատրաստակամության մասին: