04/10/2017 16:35
Մտա մի առանձին սենյակ ու սկսեցի լացել. Նարինե Գրիգորյանը՝ Օսկարին ներկայացված «Եվա» ֆիլմի մասին
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ մոտ 3 շաբաթ առաջ, այս տարվա հայաստանյան մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Հատկապես, որ Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ ֆիլմը կուղարկվի մասնակցելու «Օսկար» ամերիկյան 90-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Եվա»-ի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Երևանի պետական Համազգային թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը, ով Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ մասնակցելով ֆիլմի քասթինգին՝ հույսեր չէր փայփայում, թե կարող է հաղթահարել այդ փուլը: Թատրոնում գրեթե միշտ առանցքային կերպարներով հանդես եկող դերասանուհին իր կյանքի այդ շրջանում ֆիլմում նման ակնկալիքներ չուներ:
«Անահիտ Աբադը դերասաններին բավական բծախնդրորեն էր ընտրում: Իմ դտրիկը, իմ փոքրիկ Եվան այդ ժամանակ նոր էր ծնվել, ու ես բավական «թմբլիկացել» էի: Երբ իմացա, որ ես եմ ընտրվել, և՛ հուզվեցի ու ուրախացա, և՛ զարմացա: Հետաքրքիր էր, որ կինո, այն էլ գլխավոր դերերով, ինձ սկսեցին կանչել երեխայի ծնվելուց հետո, երևի ճիշտ են ասում, որ երեխաներն իրենց հետ հաջողություն են բերում… Իրականում, կինոյում այդքան մեծ պատասխանատվություն ստանձնելն ինձ համար առաջին անգամ էր, ի տարբերություն թատրոնի՝ այստեղ փորձառության խնդիր ունեի», - նշեց մեր զրուցակիցը:
Բնույթով էմոցիոնալ դերասանուհին Շուշիում սցենարն ամբողջությամբ կարդալուց հետո արցունքները չկարողացավ զսպել, առանձնացավ ու սկսեց լացել:
«Հենց Շուշիում բոլորիս տրվեց սցենարի վերջնական տարբերակն ու սկսեցինք կարդալ: Երբ ավարտեցինք ու գիտակցեցի բարդությունն ու պատասխանատվությունը, մտա մի առանձին սենյակ ու սկսեցի լացել: Գիտեք, իրականում, ես ամբողջ ֆիլմը լացելով եմ նկարվել, բայց ոչ մի տեսարանում Եվան չի լացում, ուղղակի աչքերի բիբերն են թաց: Ֆիլմում ամենակարևորը ռեժիսորին վստահելն է, հատկապես, եթե փորձառությունդ մեծ չէ: Այդպես էլ արեցի, հետաքրքիր ու շատ հաճելի աշխատանք ստացվեց», -հավելեց նա:
Ֆիլմի հերոսուհի Եվան ու նրան մարմնավորող Նարինե Գրիգորյանն, իրականում, բավական տարբեր են: Սակայն ռեժիսորի և դերասանուհու ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ այն կերպարը, որն անհրաժեշտ էր այս ֆիլմին:
«Ռեժիսորը նկարահանման ամեն դրվագը սկսելուց առաջ հիշեցնում էր՝ ո՞վ է Եվան՝ սկսած քայլվածքից, ժպիտից և այլն: Դե, ես սիրում եմ լայն ժպտալ ու իմ 20 սմ ժպիտից 1 սմ-ը մնաց (ծիծաղում է՝ հեղ.)… Ինչ վերաբերում է կերպարիս, ասեմ՝ Եվան տարիներ առաջ ինքն իրեն, իր սկզբունքին դավաճանել է, ինչի պատճառով հետագայում մեծ սխալներ են ծնվում՝ փաստի առջև կանգնեցնելով նրան: Երեխային կարող են իրենից վերցնել, ու նա անընդհատ փախեփախի մեջ է լինում: Ի վերջո Հայաստանից փախչում է Արցախի սահմանամերձ գյուղերից մեկը, որտեղ շատերը մտածում են, թե նա կենսաբանության ուսուցչուհի է… Ռեժիսորն ասում էր, որ ուզում է կնոջ նոր կերպար, տեսակ ստեղծել: Կին, ով ուժեղ է, պատասխանատու է իր քայլերի համար, խղճահարություն չի առաջացնում: Այսօրվա արցախցուն դա է բնորոշ, այնքան դժվարություններ են տեսել, որ կոփվել են, մի քիչ կոշտացել, ամեն բանից չեն լացում: Հենց այդպիսի Եվա էլ մենք ստեղծեցինք», - մանրամասնեց ծնունդով արցախցի Նարինեն, ում համար, ի դեպ, նկարահանման ընթացքում բարբառը խնդիր չէր:
Իրադարձությունները ծավալվում են մեր օրերում: Սա հետպատերազմյան կյանքը ներկայացնող գեղարվեստական աշխատանք է, որտեղ նկարագրվում է՝ ինչպե՞ս է պատերազմն անդրադարձել մարդկանց վրա, ի՞նչ դրոշմ է թողել յուրաքանչյուրի հոգում ու մարմնին:
«Ֆիլմում մի այսպիսի նախադասություն կա՝ պատերազմն իր վախերն ունի, պատերազմից հետոն՝ իր: Այստեղ հենց այդ հետոն է ներկայացվում, Եվայի աչքերի միջոցով բացվում է ամբողջ գյուղի պատմությունը, բայց չկա պատերազմ, թշնամի, ադրբեջանցի… Բազմաթիվ զուգահեռ պատմություններ են, մարդկային պատմություններ», - շեշտեց դերասանուհին:
Նկարահանումները կատարվել են Շուշիում, Քարինտակում և Ղշլաղում: մեկնարկը տրվել է 2015 թվականին, ընդհանուր տևողությունը երկուս ու կես ամիս է: Այդ ընթացքում ամբողջ ստեղծագործական կազմը, բոլոր դերասանները միասին Արցախում են եղել: Դա ռեժիսոր-սցենարիստի պահանջն էր:
«Նախատեսված էր ավելի կարճ ժամանակում ավարտել աշխատանքները, սակայն խնդիր էր այն, որ ֆիլմ նկարելու համար Արցախը դեռևս հարմարեցված տարածք չի. մարդիկ խուսափում էին կադրերում երևալ, դժվարությամբ էինք համոզում՝ գոնե նստարանին նստեն, որ երևա գյուղը բնակեցված է: Տեսախցիկները միացնելու համար հոսանքի խնդիր էր լինում, հզորությունը չէր բավականացնում և այլն… Սակայն մյուս կողմից էլ Արցախի մթնոլորտը շատ ոգևորիչ էր: Իրանցիներն ուղղակի սիրահարվել էին Արցախին», - ընդգծեց նա:
Թեև ֆիլմը հայ-իրանական համատեղ արտադրանք է, սակայն ստեղծագործական խմբում բոլորը հայեր են: Տեխնիկական մասն ապահովել են իրանցիները: Նկարահանվել են Վրեժ Քասունին, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Մարջան Ավետիսյանը, Էլինա Ադամյանը, Սերգեյ Թովմասյանը, Տիգրան Դավթյանը…Կոմպոզիտորը Վահան Արծրունին է: ՀՀ վաստակավոր արիտստուհին ընդգծում է՝ ռեժիսորի համար սկզբունքային էր, որ բոլորն ամբողջ պրոցեսի ընթացքում միասին լինեին, ընտանիքի պես: Կապ չունի՝ դերասանը 5 օր է նկարահանվելո՞ւ, թե՞ երկու ամիս, մինչև վերջ մնացել է խմբի հետ:
Անդրադառնալով ֆիլմի «օսկարային» ճակատագրին՝ Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ այն հաջող ընթացք կստանա: Նկատեց՝ սա դեռ առաջին քայլն է, դժվար հաղթահարելիներն առջևում են, մրցութային 5 ֆիլմին հասնելն արդեն իսկ մեծագույն հաղթանակ կլինի:
«Փառատոնի շրջանակներում Եգիպտոս էի մեկնել, նույնիսկ պրեմիերային ներկա չեմ եղել: Հենց այնտեղ էլ իմացա, որ ֆիլմն առաջադրվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այդ ժամանակ միայն մեկ բան մտածեցի. ինձ շատ հաճախ են ասում՝ ախր դու չպիտի Հայաստանում ծնված լինեիր, որպեսզի կարողանայիր առավել մեծ հաջողությունների հասնել: Բայց չէ՞ որ մեր շատ լավ դերասաններ հաջողության հետևից մեկնում են ԱՄՆ, բայց արի ու տես՝ մենք այստեղից ավելի հեշտ կարող են «Օսկար»-ին հասնել: Ու հիմա մտածեցի՝ Հայաստանն ամենակարճ ճանապարհն է, որի միջոցող կարողանում ենք նաև մասնակցել տարբեր միջազգային փառատոնների ու դառնալ լավագույններից մեկը: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու գտնում եմ՝ եթե Աստված այնպես է արել, որ այստեղ ծնվեմ, ուրեմն ճիշտը դա է: Հաճելի է, որ այստեղ լինելով՝ հաճախ նաև ամենուր ես», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարինե Գրիգորյանը:
Դերասանուհին այժմ մի քանի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, որոնց աշխատանքները փորձում է հարմատեղել փառատոնային շրջագայությունների հետ: Խոստանում է՝ առաջիկայում հանդիսատեսին ու հեռուստադիտողին կներկայանա մի քանի նոր գործերով: