04/10/2017 14:47
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի բեռը թեթևացավ. «Սասնա ծռերի» գործն առանձնացվեց հերթական անգամ
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց հերթական որոշումը «Սասնա ծռերի» գործը կիսելու մասին։
Այսպիսով, «Սասնա ծռերի» 14 անդամի վերաբերյալ քրեական գործը կիսվեց և նրանցից միայն չորս ամբաստանյալի մասով քրգործը թողեց իր վարույթում։
Անջատված տասը մեղադրյալների մասով քրգործը կփոխանցվի մեկ այլ դատավորի վարույթ:
Նկատենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթ էր անցել նաև «Սասնա ծռերի» 18 անդամների վերաբերյալ քրգործից անջատված 7-ի վերաբերյալ գործը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Սասնա ծռեր» խմբի գործով օրերս անջատված 3-րդ մասով դատական քննությունը կանցկացվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատարանի նախագահ Արթուր Օհանյանի վարույթում։
Անջատված մյուս մասի քննության համար դատավորի անունը դեռ հայտնի չէ։
Ըստ փաստաբանների շրջանում տարածված տեղեկությունների, «Սասնա ծռերի» գործով մյուս դատավորը կլինի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը վերջերս գործուղվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։