04/10/2017 14:05
«Մերի Քեյ» ընկերությունը երբևէ «օրհնած ջուր» չի բաժանել և չի բաժանելու. Ընկերության տնօրեն
«Մերի Քեյ» ընկերությունը երբևէ «օրհնած ջուր» չի բաժանել և չի բաժանելու: «Մերի Քեյը» գեղեցկության և առողջության ինդուստրիայի հայտնի ընկերություն է, որն իր արտադրանքը ստեղծում է՝ հիմնվելով գիտական հետազոտությունների և բանական լուծումների վրա: Երևանի փողոցներում և շքամուտքերում փակցված հայտարարությունների հետ ընկերությունը որևէ կապ չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մերի Քեյ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սիրանուշ Գալստյանը՝ մեկնաբանելով ter-hambardzum.net եկեղեցական լրատվական, կրթական կայքում հայտնված տեղեկությունը:
Օրերս կայքում հայտնվել էր մի հոդված, որում նշվում էր, թե «Մերի Քեյ» ընկերությունը զբաղվում է խաբեությամբ և ընտանեկան անհաջողությունների հաղթահարման կամ հիվանդությունների բուժման անվան տակ անվճար բաժանում է Հորդանանից բերած ջուր, որն իբր, հրաշագործ հատկություններ ունի:
«Խնդիրն այն է, որ «Մերի Քեյ» ընկերությունը Հայաստանում իր գործունեության մեկնարկի առաջին իսկ օրվանից տարածք է վարձակալել Ազատության պողոտայի այդ շենքում, որտեղ, ի դեպ, միակ վարձակալը չէ: Շենքը եռահարկ է, երկու հարկերի մուտքերը շենքի դիմային հատվածից են, այսինքն՝ Ազատության պողոտայից: Մյուս հարկաբաժնի մուտքը ետնամասից է և չի երևում: Շենքի ճակատային հատվածում փակցված է մեր ընկերության անվանումը: Հասկանում ենք, որ անանուն և անհասկանալի գործունեությամբ զբաղվող ընկերության՝ նույն հասցեում գտնվելը կարող էր տարակարծությունների տեղիք տալ, սակայն նաև կարծում ենք, որ ընկերության վերաբերյալ նման հայտարարություններ անելուց առաջ արժեր նաև մեզ հետ խոսել», - ասաց ընկերության տնօրենը:
Նա հոդվածի տպագրման մեջ չարամտություն չի տեսնում, համոզված է՝ մտահոգ և բարեխիղճ քաղաքացու արձագանք է եղել՝ ակնհայտորեն խեղաթյուրված և տարընթերցումների տեղիք տվող հայտարարությանը:
«Ընկերությունը, որը բաժանում է իբր հրաշագոր այդ հեղուկը, մեր շենքում տարածք է վարձակալել ամիսներ առաջ: Երբևէ նրանց հետ շփում կամ համագործակցություն չենք ունեցել, միայն գիտենք՝ ինչ-որ բրազիլացի է ղեկավարում այն: Քանի որ շենքի դիմային հատվածին փակցված է մեր ապրանքանիշի անունը, իսկ այդ ընկերության մուտքը հետնամասից է, մի քանի անգամ մեզ սխալմամբ այցելել են քաղաքացիներ և նշել, որ ինչ-որ յուղ են ուզում: Մինչ հոդվածի հայտնվելը համացանցում կարծում էինք, որ նոր վարձակալը ինչ-որ բարեգործական ընկերություն է», - ասաց Ս. Գալստյանը:
«Մերի Քեյ» ընկերության տնօրենն արդեն իսկ կապվել է շենքի սեփականատիրոջ հետ, խնդրել առավել մանրամասն տեղեկություն հաղորդել նոր սեփականատիրոջ վերաբերյալ:
Քանի որ վնաս է հասցվել ընկերության գործարար համբավին, հարցը իրավական մակարդակում կլուծեն ապրանքանիշի շահերը պաշտպանող իրավաբանները:
«Այսօր արդեն հարցը կներկայացնենք մեր ամերիկացի իրավաբաններին, կփորձենք հասկանալ՝ ինչ լուծում կարելի է տալ», - ասաց նա: