04/10/2017 19:10
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատին՝ ԱՀ անկախությունը ճանաչող բանաձևի նախաձեռնման կապակցությամբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող թիվ 99 բանաձևի նախաձեռնման կապակցությամբ, տեղեկացնում է ԱՀ մամուլի ծառայությունը:
«Միչիգանի Սենատի կողմից ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ միջազգային աջակցության առումով: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը և նրա միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանան Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման ու վերջնական խաղաղության հաստատման համար», - ասված է նամակում:
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Միչիգանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսիսյանին՝ ԱՀ անկախությունը սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած ավանդի համար: