04/10/2017 13:21
Կատալոնիան մտադիր է անկախություն հռչակել առաջիկա օրերի ընթացքում
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում:
Հոկտեմբերի 1-ի հանրաքվեից հետո տված իր առաջին հարցազրույցում նա ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջին-հաջորդ շաբաթվա սկսզբին»:
Հարցին՝ կատալոնական իշխանությունները ինչ են պատրաստվում անել, եթե Մադրիդը մարզի կառավարումը վերցնի իր ուղղակի հսկողության ներքո (ինչը թույլ է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), կամ ձերբակալի իրեն, Պուչդեմոնը պատասխանել է, թե դա «կլիներ սխալ, որը կփոխի ամեն ինչ»:
Նա հավելել է, որ ներկայում Մադրիդի և իր վարչակազմի միջև շփումներ չկան, և իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի հայտարարությանը, որը Կատալոնիայի իրադարձությունները համարել է Իսպանիայի ներքին գործը: