04/10/2017 12:12
Ալլահշուքյուր Փաշազադե. Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է տեղափոխվի կրոնական դաշտ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների ամեն մի հանդիպում՝ մեկ քայլ է դեպի ԼՂ հակամարտության կարգավորում, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Չնայած որոշ շրջանակների կողմից ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու փորձերին, հակամարտող կողմերի կրոնական առաջնորդները՝ նստելով բանակցային սեղանի շուրջ, կարողացան որոշ չափով կանխել այն կարծիքի տարածումը, թե հակամարտությունը քրիստոնյաների և մահմեդականների միջև է», - հայտարարել է Փաշազադեն՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում, փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը:
«Մենք միշտ հայտարարում ենք, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդները կողք կողքի են ապրելու: Հետևաբար, չկա այլ հեռանկար, քան խաղաղությունն ու համագործակցությունը: Նման հանգամանքներում, որպես կրոնական առաջնորդներ՝ հանուն մեր ժողովուրդների ապագայի, պատասխանատու ենք համատեղ պատասխանների որոնման համար, մենք պետք է միավորենք հակասությունները վերացնելու և հակամարտությունը խաղաղ և արդար ճանապարհով լուծելու մեր ջանքերը», - ընդգծել է Ա. Փաշազադեն: