04/10/2017 15:36
Ավագանու խմբակցություններին տեղական հանրաքվե անցկացնելու իրավունքի անփոփոխ թողնելը ոչ մի արդյունք չէր տալու. Աղվան Վարդանյան
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի կարծում, որ Երևանի ավագանու խմբակցություններին տրված տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունից զրկելը և այն ավագանու մեկ երրորդին վերապահելը, սահմանափակում է խմբակցությունների իրավունքները։
«Սա ընդամենը առաջին աստիճանի հնարավորության խնդիր է, որը կարող էին թույլ տալ։ Ինձ համար սա էական տարբերություն չէ, բայց եթե մեծամասնությունը ի վերջո որոշելու է, որ հանրաքվեն չի անցկացվելու, սա կես քայլ էր լինելու, որը արդյունք չէր տալու», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ որևէ նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ անհրաժեշտ է վստահ լինել, որ այն հեռանկարային է՝ վկայակոչելով ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցի քննարկման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի առաջարկը, որին այսօր խորհրդարանը դեմ քվեարկեց։
«Ես միշտ համոզված եմ եղել, որ եթե որևէ բան ես անում, պիտի դրա արդյունքը տեսնես։ Եթե սա հեռանկար չունի, եթե դու վստահ չես, որ դա լինելու է, անիմաստ է։ Ես կարող եմ ՀՅԴ-ի օրինակով ասել. եթե մենք մի բան նախաձեռնում ենք, մի բանի մասնակցում ենք, փորձում ենք համոզել, ապացուցել քննարկել և ի վերջո մեր տեսակետները պետական քաղաքականության օրակարգ ու առանցք են դառնում, իրագործվում են», - նշեց Աղվան Վարդանյանը։
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշել էր, որ օրենքում փոփոխություններ կատարելիս կառավարությունն ամենավատ տարբերակն էր ընտրել՝ կուսակցություններին զրկելով հանրաքվե իրականացնելու իրավունքից։