04/10/2017 13:50
Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա. Շարմազանովը՝ հայ-ռուսական ԶՈւ խմբավորման համաձայնագրի մասին
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգից, այսօր Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Սա և՛ տրամաբանական է, և՛ օրինաչափ։ Օրինաչափ է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են ու գտնվում են անվտանգային նույն դաշտում՝ ՀԱՊԿ-ում», - հայտարարեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է ու ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ և «հայ-ռուսական զինված ուժերը միասնական կպայքարեն սպառնալիքների դեմ»։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ միասնական անվտանգության համակարգը՝ ՀԱՊԿ-ն, որի կազմում են և Ռուսաստանը, և Հայաստանը, չի կարող փոխվել, իսկ դա բխում է Հայաստանի ռազմական դոկտրինից։
«Անհնար է, որ Ադրբեջանը ստորագրի այս համաձայնագիրը, քանի որ դրա համար նախ պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա, և Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը տարբեր անվտանգային համակարգերում են. Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ անդամ են, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Եթե կուզեք, Ադրբեջանի միակ ու ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որն էլ իր հերթին ՆԱՏՕ-ի կազմում է։ Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ խրախուսեց, պաշտպանեց Ադրբեջանի ագրեսիան նախորդ տարչի ապրիլին», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Նա պնդեց, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է Հայաստանի համար առաջնային սպառնալիք, իսկ Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը։
«Հայաստանի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը, և դրա համար մենք պետք է լինենք կամ այս, կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ։ Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա։ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք», - հավելեց Շարմազանովը։
Ավելի վաղ նախագիծը ներկայացնող հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ասել էր, որ համաձայնագրում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք որոշիչ են համաձայնագրի բովանդակության հետագա կիրառման և միասնական մոտեցում ցուցաբերելու համար, մասնավորապես, ռազմական անվտանգություն, միացյալ զորքեր և ուժեր, միացյալ հրամանատարություն, տարածաշրջան, ագերսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան և այլ կարևորագույն հասկացություններ:
«Միացյալ զորքերի կազմը որոշում է լիազոր մարմինները, որը, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա՝ հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զերքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը», - հայտարարել է Զաքարյանը։
Ըստ փաստաթղթի, միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ:
«Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին», - ասել էր Զաքարյանը: