04/10/2017 13:27
«Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագիրը ԼՂ-ին չի վերաբերում. Արտակ Զաքարյան
Ազգային ժողովը քննարկում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե «տարածաշրջան» և «ագրեսիա» հասկացությունների սահմանները որքանով են առնչվում Լեռնային Ղարաբաղի տարածքին:
«Համաձայնագրով նախատեսվում են միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում ՀՀ տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում և ՌԴ-ի տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։ Այս համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում», - պատասխանեց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Պաշտպանության փոխնախարարին հարց ուներ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ հայ հանրությանը մի հարց է մտատանջում, երբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում էին, ՀԱՊԿ համակարգը ոչ մի ռեակցիա չէ տալիս։
«Ես ուզում եմ հարցնել էս համակարգը, եթե, ասենք, լիներ 2015-2016 թվականների ժամանակ, ի՞նչ ռեակցիա էր տալու և, ընդհանրապես, ի՞նչ երաշխիք կա ու որտե՞ղ է այդ երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է», - հետաքրքվեց Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՀԱՊԿ համակարգում մի փոքր այլ տրամաբանություն է գործում, և յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է իր կոլեկտիվ անվտանգության համակարգից օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում։
«Մեր պարագայում այդ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը չի եղել և մեր զինված ուժերն ինքնուրույն են կարողացել համապատասխան խնդիրը լուծել», - ասաց Ա. Զաքարյանը։
Ինչ վերաբերում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրին, ապա, փոխնախարարի խոսքով, համաձայնագիրը խաղաղ ժամանակ պլանավորում է բոլոր հնարավոր զարգացումները, ռիսկերն ու վտանգները։
«Այս համաձայնագրի պարագայում միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չի, սա ընդհանուր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամաբ ցանկացած տիպի ագրեսիայի և զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է», -ասաց Արտակ Զաքարյանը։