04/10/2017 17:33
Երբևէ որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցում. Արծվիկ Մինասյան
Այն, ինչ օրինական հատումների տեսքով է և սահմանված է թե՛ կառավարության որոշմամբ, թե՛ ենթաօրենսդրական ակտերով, գտնվում է կարգավորման նորմալ ընթացքում, խորհրդարանական հարցուպատասխանի ընթացում անդրադառնալով Տավուշի մարզում ծառահատումների թեմային՝ ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Ինչ վերաբերում է ապօրինի հատումների վերաբերյալ մի շարք բողոքներին, ապա խորհրդարանը, լրատվամիջոցները և այն ազնիվ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ պետք է պահպանել Հայաստանի անտառները, քանի որ դրանք արդյունաբերական չեն, բնապահպանական են և պաշտպանական նշանակություն ունեն մեր երկրի համար, պետք է կանգնեն մեր կողքին, որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ նորմալ պայքար գնա», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նախարարն ասաց, թե երբևէ որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցում։
«Պետք է պայքարել այն անձանց դեմ, ովքեր փորձում են այս առիթն օգտագործել և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց, փորձում են հակաօրինական գործողությունը նորմ դարձնելու ուղղությամբ մղել»։