04/10/2017 15:26
Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը լրացնում է ռազմավարական համագործակցության իրավական ու նորմատիվային բազան. Արտակ Զաքարյան
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լիարժեք ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրը։
«Այնպես որ՝ ում համար մարտունակ է, ում համար մարտունակ չէ, չգիտեմ, ով ոնց է գնահատում, բայց ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ», - ասաց Ա. Զաքարյանը։
Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը» կարող է ինչ-որ մարդկանց համար վիրավորական լինել։
«Դա յուրաքանչյուրի գնահատականի հարցն է, թե ինչն է վիրավորական, ռազմաքաղաքական համագործակցություն, ռազմատեխնիկական համագործակցություն, ռազմական դիվանագիտություն...եթե այսօր ամբողջ աշխարհը ու ամբողջ ռազմարվեստն իր պատմության ընթացքում գործել է համագործակցությունների սկզբունքով, չգիտեմ, եթե դա կոչվում է վիրավորական, ուրեմն կարող են նաև այդպիսի տեսակետներ լինել», - ասաց Պաշտպանության փոխնախարարը։
Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ կարծում է, որ համաձայնագիրը կարևորագույն լինելով՝ լրացնում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության իրավական ու նորմատիվային բազան։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք հետագայում այս մեխանիզմների կարգավորումների միջոցով կարողանանք իրականում ցույց տալ այդ ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցության կիրառման դաշտը», - ընդգծեց Պաշտպանության փոխնախարարը։