04/10/2017 17:05
Առողջության ապահովագրության պայմանագրերի զգալի մասը «Ինգո Արմենիային» բաժին չեն հասել. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համաձան չէ այն պնդումների հետ, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի զգալի մասը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ:
«Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում ասեմ, որ «Ինգո Արմենիան» այդ հարցում ամենաշատ արդյունքը չի գրանցել», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Լևոն Ալթունյանը նաև ընդգծեց, որ «Ինգո Արմենիայի» բաժնետոմսերի միայն 25 տոկոսն է իրեն պատկանում, որն ինքը հանձնել է հավատարմային կառավարման:
Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ապահովագրական պայմանագրերի մեծ մասը բաժին է ընկել Առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը։