04/10/2017 19:20
Նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու բարեկամ երկրները կայուն քաղաքական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը այդ երկխոսության շարունակական զարգացման գործում՝ նշելով, որ հայ-չեխական հարաբերությունների օրակարգի հարստացման ու առաջմղման գործում իր ծանրակշիռ տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։
Միլան Շտեխը ևս ընդգծել է, որ Չեխիայի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով երկու երկրների բարձր ղեկավարության ակտիվ շփումներն ու փոխըմբռնումը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նրա համոզմամբ, քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը պետք է լրացնել նաև առևտրատնտեսական ակտիվ կապերով, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Սենատի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ովքեր հանդիպումներ կունենան հայ գործընկերների հետ, կծանոթանան Հայաստանի տնտեսության հնարավորություններին և շուկայի պահանջարկին:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը Հանրապետության նախագահի հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: