04/10/2017 13:43
Ռազմական դրության հայտարարման իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ որոշման նախագիծը բխում է սահմանադրական փոփոխություններից:
«Օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված միջոցառումների սահմանված իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը։ Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակում ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության իրավասությունների, ընտրությունների ու հանրաքվեների անցկացման, իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ գործող օրենքները համապատասխանեցվում են ՀՀ Սահմանադրությանը», - մանրամասնեց Ա. Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ համաձայն նախագծի՝ ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:
Նշենք, որ նախագծում նշվում է, որ ռազմական դրության գործողության ժամանակահատվածում չի անցկացվում Ազգային ժողովի հերթական ընտրություն, չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը, չի կարող անցկացվել հանրաքվե: