04/10/2017 16:14
Սա հակահարված էր. Գեղամյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի մասին
Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանն առնչվող համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը շնորհակալություն հայտնեց գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին, նման համաձայնագիր կնքելու համար
Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը, ըստ Արտաշես Գեղամյանի, պատասխանն է դեռևս 2010-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական դաշինքի և փոխօգնության պայմանագրի։
«Սա հակահարված է։ Ինչո՞ւ յոթը տարի անց։ Բացատրեմ՝ 2014-ի օգոստոսին տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի նախարարների առաջին հանդիպումը։ Երեք տարվա ընթացքում հինգ նման հանդիպում է եղել, և ռազմական փորձագետների համար ակնհայտ է, որ գործը գնում է ռազմական դաշինքի ստեղծմանը։ Բնականաբար դրան անտարբեր չէր կարող մոտենալ նախևառաջ Հայաստանը ու նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Արդյունքում ծնվեց այս համաձայնագիրը, որը ոչ այլ ինչ էր, քան ադեկվատ պատասխան հնարավոր Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքին», - հայտարարեց Գեղամյանը։
Նշենք, որ ըստ փաստաթղթի, հայ-ռուսական միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որն, ըստ համաձայնագրի, երկու երկրների Պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները, ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը։
Ըստ փաստաթղթի՝ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին: