04/10/2017 23:12
Հայաստանում որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր, որոնք վտանգված տեսակներ են (Լուսանկարներ)
Facebook սոցիալական ցանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է տղամարդը՝ ձեռքին սպանված, արյունոտ սպիտակագլուխ անգղը։ «Սովա՞ծ եք, անգղ ե՞ք ուտելու», գրում է ահազանգը ներկայացրած օգտատեր Նիկ Իսրայելյանը։ Նա հրապարակել է լուսնակարներ ու հավելել, որ սպանված կենդանիների հետ ֆոտոսեսիայի մի փոքր մասն է ներկայացնում։
«Սա նորմալ ա՞ մարդիկ, մի մարմին չկա՞ որը կզբաղվի այս հարցերով, պատիժ կամ որևէ բան չի՞ հասնում նման բաների համար», -հարցեր է բարձրացրել օգտատերը։
Օգտատիրոջ գրառումը տարածել է նաև Վայրի բնության պահպանության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Կարեն Մանվելյանը և նշել, որ պահանջում են համապատասխան մարմինների արձագանքը կատարվածին։ Նա նաև ընդգծել է, որ կատարվածը հանցագործություն է, պետք է ստանան իրենց պատիժը և նշել, որ կհետևեն գործին։
Econews.am-ն իր հերթին գրում է, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի»: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: