04/10/2017 16:07
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի աշխատակիցներն օգնել են Խոր Վիրապում բռնության ենթարկված չինուհուն
Չինուհու բռնաբարության փորձը Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի տարածքում չի եղել, տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրության հետ կապերի բաժնից:
«Օրերս լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել մի զազրելի միջադեպի, երբ ՀՀ ոմն քաղաքացի ձերբակալվել էր մի չինուհու բռնաբարելու կասկածանքով։ Այդ անդրադարձներում հիշատակվում էր նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ստեղծված «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» անունը, թե իբր բռնաբարության փորձն իրագործվել է կենտրոնի տարածքում։
Այս առումով հարկ ենք համարում պարզաբանում տալ ու լրացնել թերի տեղեկատվությունը։ Բռնաբարության փորձը չի կատարվել կենտրոնի տարածքում, սակայն կասկածյալն իր մեքենայով իրոք մոտեցել է տարածքին։ Նկատելով պահպանվող տարածքին մոտեցող մեքենայի լուսարձակները, իրենց մեքենայով նրանց ընդառաջ են դուրս եկել FPWC Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահները (Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը գտնվում է ապաստարանի տարածքում)։ Նկատելով ընդառաջ եկող մեքենան՝ կասկածյալն արգելակել է, այդ ընթացքում տուժողը կարողացել է դուրս փախչել ու նստել է անտառապահների ավտոմեքենան։ Երբ անտառապահները փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունենում, կասկածյալը շրջել է մեքենան ու դիմել փախուստի։ Ապաստարանի անտառապահները հյուրընկալել են տուժողին, հյուրասիրել, տրամադրել գիշերակաց, իսկ առավոտյան ճանապարհել են Երևան», - ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրությունում: