04/10/2017 11:20
Պատգամավորները տեղյակ չեն, որ Հայաստանում առաջնային ապրանքները թանկացել են (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր լրագրողների փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ այս կամ այն կերպ գործարարությամբ զբաղվող պատգամավորները տեղյակ չեն Հայաստանում վերջին շրջանում գրանցված թանկացումների մասին։
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում վերջին շրջանում զգալի թանկացումները, չպատասխանեց՝ ասելով, որ տեղյակ չի թանկացումների մասին։ Հարցին, թե ինչո՞ւ տեղյակ չէ, նա պատասխանեց. «Իմ հետ գործ չունեք, հետո՝ խնդրեմ»։
Հակոբ Բեգլարյանը, հիշեցնենք, Տրանսպորտի և կապի նախկին նախարար, գործարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։
Թանկացումների մասին ասաց, որ տեղյակ չէ նաև ԱԺ Հանրապետական խմբակցության անդամб Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը։ «Տեղյակ չեմ», - ասաց նա ու անմիջապես մտավ Բեգլարյանի աշխատասենյակ։
ԱԺ Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր Ալիկ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ տեղյակ չէ թանկացումներից, քանի որ «այս երկու օրն է» վերադարձել Հայաստան, իսկ կինն էլ չի հասցրել զեկուցել թանկացումների մասին։
«Միգուցե թանկացում չկա կամ կես դրամ թանկացել ա ...», - նկատեց Սարգսյանը, սակայն լրագրողները տեղեկացրին, որ թանկացումը եղել է 40 տոկոսով, ինչին Սարգսյանն արձագանքեց. «Կներեք, տեղյակ չեմ, թույլ տվեք խնդրին ծանոթանամ, նոր ասեմ։ Անհրաժեշտ հետևություններ կանենք»։
Հարցին, թե սոցիալական բունտ չի՞ հասունանա թանկացումների հետևանքով, Սարգսյանը պատասխանեց, որ ինքն այդ կարծիքին չէ։