05/10/2017 12:34
Փաշինյանը պարզաբանում է պահանջում ՀՀԿ-ից Գեղամյանի վարքագծի կապակցությամբ
Ազգային ժողովի նիստում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանում է պահանջում Հանրապետական խմբակցությունից նույն խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի վարքագծի կապակցությամբ։
«Մոտ մեկ ժամ առաջ Ազգային ժողովի միջանցքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա և հետաքրքիրն այն է, որ նա հիմա մամուլին հերքում է։ Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ՝ և՛ ԱԺ պատգամավոր, և՛ լրագրող, և՛ անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Ասածս հետևյալն է՝ մենք պարզաբանում ենք պահանջում Հանրապետական խմբակցությունից։ Պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքը ինչ կապ ունի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր «պադյեզդներ» զգույշ մտեք, կարողա ինչ-որ բաներ տեղի ունենան։ Սա շատ լուրջ հարց է, և մենք մտադիր ենք մեր հետևություններն անել մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ», - հայտարարեց Փաշինյանը։