05/10/2017 10:49
Պարոն Գեղամյան, Դուք խոսեք մարքսիզմ-լենինիզմից, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Լեզվակռիվ Փաշինյանի և Գեղամյանի միջև (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում 2013 թվականին կնքված հայ-ռուսական ռազմական պայմանագրի քննարկման ժամանակ լեզվակռիվ առաջացավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջև։
Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հերթական պայմանագրով Ռուսաստանը «հատիկ-հատիկ մեր ձեռքից տանում է մեր ինքնիշխանությունը»։
Փաշինյանն ասաց, որ հայ-ռուսական այս պայմանագրով Ռուսաստանը կարող է վերահսկել, ստուգել, որպեսզի տեսնի իր կողմից մատակարարված «Իսկանդերը» տեղո՞ւմ է, թե՞ ոչ, ճի՞շտ նպատակով է օգտագործվե՞լ, թե ոչ։
«Սա վերահսկողության մի մեխանիզմ է, որի արդյունքում մեխանիզմը հասնելու ա ընդեղ, որ մի հատ ռուսական կողմից ճշտես՝ «Իսկանդերը» օգտագործե՞նք, թե՞ չէ։ Մենք այսօր որևէ ապացույց չստացանք, թե արդյոք Ռուսաստանը նույնպիսի վերահսկողություն ունի Ադրբեջանի նկատմամբ, ստուգո՞ւմ է, թե իր վաճառած ինչքա՞ն «սմերչ» է Ղարաբաղի վրա բաց թողել», - հայտարարեց Փաշինյանը։
Նա փորձեց հիշել երեկ ԱԺ նիստում Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, ինչը սակայն, դուր չեկավ Գեղամյանին, և նա տեղից սկսեց դժգոհ բացականչություններ անել։
«Րոպես պահեք, ես էդքան զահլա չունեմ ...». դիմելով ԱԺ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովին՝ ասաց Փաշինյանը։
Շարմազանովը, գրիչը հարվածելով սեղանին, փորձեց հանդարտեցնել կրքերը, սակայն Արտաշես Գեղամյանը տեղից բղավում էր, իսկ Փաշինյանն էլ շարունակեց ասելիքը. «Ուրեմն, Արտաշես Գեղամյանը ասում ա՝ Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան։ Պարոն Գեղամյան, էդ Հայ հեղափոխական Դաշնակցության հռետորիկան ա, դրա հետ ի՞նչ գործ ունեք։ Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք։ Մենք ասում ենք, որ բոլորը նույնն են, ոչ թուրքերն են փոխվել, ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիք։ Պատմության դասեր եք տալիս ստեղ, գնացեք պատմություն ինքներդ սովորեք»։
Այդուհանդերձ, Արտաշես Գեղամյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից խնդրեց իրեն պատասխանելու իրավունք տալ, սակայն Բաբլոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով նման հնարավորություն չի ընձեռվում։
Նախագծի հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ նման վերահսկողության խնդիր ռուսական կողմից չի կարող լինել և նման պայմանագիրը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։