05/10/2017 16:22
Միջադեպ ա՝ եղել ա, 4 տարի հլը էդ մարդու հետ աշխատելու ենք. Արտաշես Գեղամյան (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցությունում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև քննարկում է տեղի ունեցել:
Դուրս գալով քննարկումից՝ Ա.Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, թե այն վերաբերվել է այսօր առավոտյան իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ընդունենք, միջադեպ ա՝ եղել ա, 4 տարի հլը էդ մարդու հետ աշխատելու ենք, ի՞նչ եք բորբոքում», - ասաց Արտաշես Գեղամյանը։
Վերջինս ընդգծեց, որ միջադեպի մասին ինքը տեղեկացել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից և բարձր է գնահատում Ն.Փաշինյանի այն հումորը, որ կոշիկները իր վրա է փայլեցրել։
«Ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար։ Նման բան չի եղել», - ասաց նա։
Դիտարկմանը, եթե չի եղել ոչ մի միջադեպ, ապա ինչն էր բաժանել Նապոլեոն Ազիզյանը, ով լրագրողների հետ զրույցում հերքել էր, որ ներկա է եղել միջադեպին և նշել, որ ինքը վրա է հասել բաժանման պահին, Ա.Գեղամյանն ասաց.
«Բաժանելու խնդիր նա չուներ, որովհետև գրկախառնություններ չեն եղել։ Հարաբերությունների նման դրսևորումները մարդ կա միջադեպ է համարում, մարդ կա՝ բախում։ Ես համարում եմ, որ ընդհանրապես ԱԺ ամբիոնից պետք է միայն և միայն խնդրո առարկայի վերաբերյալ խոսել և երբեք չանդրադառնալ այս կամ այն անձին, այն էլ նմանակելու և տգեղ դրսևորումների միջոցով»։