05/10/2017 12:54
Ինչպե՞ս է տեղի ունեցել Փաշինյան-Գեղամյան միջադեպը. պատմում է ականատեսը
Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին եղել են ականատեսներ, որոնք փորձել են բաժանել կռվող պատգամավորներին։
Նրանցից մեկը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Արտաշես Գեղամյանը սպասել է, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա նիստերի դահլիճից և փորձել է շարունակել նիստերի դահլիճում նրանց միջև տեղի ունեցած լեզվակռիվը։
«Նրանք սկզբում վիճեցին, հետո չհասկացան իրար ու Գեղամյանը բռունցքներով հարձակվեց, սկսեց քաշքշել Փաշինյանին», - ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։
Նա պատմեց, որ կատարվածին ականատես են եղել նաև պատգամավորներից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանը, և անվտանգության աշխատակիցներից մեկը, որոնք փորձել են բաժանել միմյանց հետ վիճող պատգամավորներին։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, սակայն, ասաց, որ դեպքին ականատես չի եղել։ «Ո՞վ ա ասում, ես ընդեղ չեմ եղել, ես չեմ տեսել։ Ես գնացել եմ էն ժամանակ, երբ ավարտված ա եղել, ես ոչ մի բան չեմ տեսել», - ասաց Ն.Ազիզյանը։
Նշենք, որ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ «Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց», - ասել էր Գեղամյանը։
Ի պատասխան Գեղամյանի հերքումների, Փաշինյանը ԱԺ նիստում Հանրապետական խմբակցությունից պարզաբանում պահանջեց կատարվածի վերաբերյալ։