05/10/2017 11:33
«DigiTecExpo»-ի ընթացքում արձանագրեցինք Հայաստանում ՏՏ զարգացման ու արտահանման ներուժը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Վերջերս կայացած «DigiTecExpo»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու արտահանման ներուժը», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն:
«Առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման, և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտությունը», - նշեց նա:
Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:
«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք և կիրառական պրոդուկտ սարքել, այն վաճառելու պրոբլեմ ունենք, այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք», - նշեց Կ. Կարապետյանը: