05/10/2017 20:20
Կարծում եմ՝ հաջորդ տարվա մեջ ամեն ինչ լավ կլինի. Իվետա Եդիգարյանը՝ կարգավիճակի փոփոխության մասին
Հայտնիների անձնական կյանքը երբեք էլ քողարկված չի մնում, հատկապես, երբ նրանք փոքր-ինչ ակնարկում են նոր սկսվող հարաբերությունների մասին: Դերասանուհի Իվետա Եդիգարյանն էլ ընդամենը ժամեր առաջ ֆեյսբուկյան իր էջում ամրագրեց՝ հարաբերությունների մեջ է:
Aysor.am-ի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ երիտասարդ դերասանուհին այսուհետ լքում է միայնակ կանանց շարքը՝,Ի. Եդիգարյանը խոստովանեց.
«Այդպես գրելուս պատճառն ինչ-որ չափով այն է եղել, որ ինձ էլ չանհանգստացնեն, շատ-շատ են գրում: Ուրիշ պատճառ չեմ կարող նշել», - հրաժարվելով փակագծերը բացել՝ նկատեց նա:
Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ, այնուամենայնիվ, այս պահին իր կողքին կա ինչ-որ մեկը, ով կարող է տվյալ կարգավիճակն իրականության վերածել, ընդգծեց.
«Ես չեմ ուզում անդրադառնալ այս թեմային: Գիտեք, երբ մի բանի մասին բոլորն իմանում եմ, չի իրականանում: Խոստանում եմ, երբ ամեն ինչ հստակ լինի, այդ մասին առաջինը հենց ձեզ կասեմ: Կարծում եմ՝ հաջորդ տարվա մեջ ամեն ինչ լավ կլինի»: