05/10/2017 18:21
Հայրս վրացահայ է, մայրս՝ գյումրեցի. Որպես հպարտ զավակ՝ մայրիկիս երազանքը կիրականացնեմ. Կարեն Բոքսյան
Հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ծննդյան օրը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա արդեն 20 տարի ԱՄՆ-ում բնակվող երգիչ Կարեն Բոքսյանի հայաստանյան առաջին մենահամերգը, որի շրջանակում այս օրերին Հայաստանում է գտնվում երգիչը:
50-ից ավելի երգացանկից ընտրվել է 27 կատարում՝ ամենասիրվածներն ու ամենաճանաչվածները: Իհարկե, 1 ժամ 40 րոպե տևողությամբ համերգը կառանձնանա նաև պրեմիերաներով ու նոր զուգերգերով:
Aysor.am-ի հետ զրույցում Կարեն Բոքսյանը խոսել է ոչ միայն նախապատրաստական աշխատանքների, այլև՝ ընտանիքի, հայրենի Գյումրիի ու անձնական կյանքի մասին:
- Կարեն, Ձեր մենահամերգը համընկնում է Երևանի ծննդյան օրվա հետ: Միտումնավո՞ր եք օրն ընտրել:
- Անկեղծ ասած՝ հատուկ չեմ ընտրել, բայց երևի այս կյանքում պատահական ոչինչ չի լինում (ժպտում է, հեղ.): Ուրախ եմ, որ իմ մենահամերգի օրը երևանցիների հետ, իմ երգերով կնշեմ այդ տոնը: Իմ համերգը թող նվեր լինի Երևանին ու երևանցիներին:
- Համարձակ քայլ չէ՞ համերգը կազմակերպել Մարզահամերգային համալիրում: Չէ՞ որ այն հեշտ լցվող դահլիճներից չէ:
- Հաջողության 50 տոկոսը ռիսկն է, ինչպես ռուսներն են ասում, «Кто не рискует, тот не пьёт шампанское»: Իհարկե, այնպես էլ չի, որ ես փակ աչքերով ու առանց պատրաստվելու եմ այս քայլին գնում: Ի վերջո, տարիներ շարունակ այդ ամենի մեջ եմ, բազմաթիվ տեսահոլովակներ, նոր երգեր ունեմ: Կարծում եմ՝ սա սպասված համերգ է, քանի որ Հայաստանից բազմաթիվ նամակներ էի ստանում, մարդիկ հետաքրքրվում էին, թե երբ եմ այստեղ համերգով ներկայանալու: Պատահական չէր որոշումս:
- Հոկտեմբերի 14-ին ինչպիսի՞ երեկո է սպասվում հայ հանդիսատեսին:
- Անկրկնելի երեկո: Յուրաքանչյուր արտիստ իր ձեռագիրն ունի, ես էլ իմ ձեռագրով կներկայացնեմ մի շատ գեղեցիկ համերգ, որը կտարբերվի մնացյալ բոլորից: Շքեղ բեմում 16 հոգուց բաղկացած նվագախումբ է լինելու, որում ընդգրկված են երևանյան իմ տաղանդավոր, սիրված ու ճանաչված կոլեգաները, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» արտիստները: Այնպես որ, կենդանի հնչողությամբ համերգ է սպասվում:
- Որքան գիտեմ, նաև նոր զուգերգեր են սպասվում:
- Այո, որոնցից մեկը երգի պրեմիերայով է`«Gipsy Kings» խմբի Ջոյեֆի հետ… Մյուս դուետը կատարելու եմ Մարգարիտա Պոզոյանի հետ:
- Իսկ հայաստանյան երգիչներից որևէ մեկի հետ համագործակցելու, դուետով ներկայանալու ցանկություն չունե՞ք:
- Այս պահին նման մտահղացում չկա: Ես ճիշտ չեմ գտնում այն մոտեցումը, որ ինչ-որ մեկի հետ երգում են միայն նրա համար, որ ուզում են հենց նրա հետ երգել: Պետք է համապատասխան երգ ծնվի, պայմանավորվածություն ձեռք բերեք, նոր սկսեք աշխատել: Ամեն ինչն իր ժամանակը, տեղն ու ասելիքն ունի: Վստահ եմ՝ կգա մի օր, երբ Հայաստանի կոլեգաներիցս որևէ մեկի հետ կորոշենք համատեղ աշխատանքով ներկայանալ:
- Հայաստան եք եկել սեպտեմբերի 12-ին, մեկնումն էլ նախատեսված է հոկտեմբերի 17-ին: Այս երկարատև այցելությունը զուտ գործնակա՞ն է, թե՞ առիթն օգտագործելով՝ որոշել եք նաև Հայաստանում հանգստանալ:
- Անկեղծ ասած՝ սա գործնական այցելություն է, քանի որ մենահամերգիս շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում: Նախընտրում եմ նվագախմբի հետ բոլոր փորձերին ներկա լինել, մասնակցել ստեղծագործական, տեխնիկական բոլոր աշխատանքներին: Սիրում եմ պրոցեսին լիովին մասնակից լինել՝ կլինի համերգային մասով, թե բեմի դիզայնի, լուսավորության և այլն: Միասին ծրագիր ենք մշակում, փորձեր ենք անում, որպեսզի թերի ոչինչ չլինի:
- Մենա՞կ եք Հայաստան եկել:
- Այո, բայց շուտով մայրս էլ ինձ կմիանա: Նա միշտ երազում էր ինձ տեսնել հայաստանյան բեմում՝ մենահամերգի ժամանակ: Ես, որպես հպարտ զավակ, մայրիկիս երազանքը կիրականացնեմ:
- Կարեն, Ձեր կենսագրությունը սկսվում է Վրաստանից, այնուհետև՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ: Ձեր ծնողները երկուսն էլ հա՞յ են, թե՞ վրացական արմատներ ունեք:
- Ոչ, հայրս վրացահայ է, մայրս՝ գյումրեցի: 3 տարեկան էի, որ տեղափոխվեցինք Հայաստան, 9 տարեկանում էլ այստեղից մեկնեցինք… Թեկուզ այստեղ ընդամենը 6 տարի եմ ապրել, բայց սա իմ հայրենիքն է, միշտ աշխատել եմ կապ պահել ու այն ավելի ամրացնել: Հայաստանը հարուստ պատմություն, մշակույթ ունի, դա նույնիսկ տուրիստներն են փաստում, սիրահարված Հայաստանին՝ վերադառնում են իրենց երկրներ:
- Գյումրիի Ձեր տունը պահպանվո՞ւմ է:
- Ցավոք սրտի, ոչ: Երբ գալիս եմ, Երևանում եմ մնում, բայց Գյումրի, անպայման, այցելում եմ, քանի որ այնտեղ շատ բարեկամներ ունեմ: Այս անգամ դեռ չեմ գնացել, համերգից հետո, անպայման, Գյումրի կմեկնեմ:
- Հաճա՞խ եք Հայաստանում լինում, ունե՞ք Երևանում սիրած վայրեր:
- Այո, պատահում է՝ տարեկան 4-5 անգամ գալիս եմ: Սիրում եմ քայլել, անընդհատ մարդկանց մեջ լինել, շփվել, տեսնել: Բացարձակ այն արտիստներից չեմ, ովքեր կոմպլեքսավորվում են ու թաքնվում ժողովրդից: Ինձ մոտենում են, նկարվում, հարցնում, թե ոնց եմ, ինչ առիթով եմ եկել և այլն: Մարդիկ հետաքրքրվում են, ու դա նորմալ երևույթ է: Չէ՞ որ իմ ստեղծագործությունները հենց մարդկանց համար է, ոչ թե՝ ծառերի ու պատերի… Ես աստղային հիվանդություն չունեմ, չեմ ունեցել ու չեմ էլ ունենա: Ես այս ժողովրդի մեջից եմ, ու չեմ կարող խուսափել նրանցից:
- Ամեն գալուց նկատո՞ւմ եք՝ շա՞տ է փոփոխվում երևանը:
- Երևանը զարգանում է, նոր ժամանցի կենտրոններ, սրճարաններ են բացվում, շինարարությունը մեծ ծավալով է ընթանում: Բայց ինձ համար ամենակարևորն ու ուրախալին նոր սերնդի փոփոխությունն է: Այսօրվա սերունդը բավականին զարգացած ու լավն է: Կցանկանայի, որ նրանց զարգանալու համար ավելի շատ հնարավորություններ ընձեռվեն: Այդ դեպքում Հայաստանն արագ քայլերով առաջ կգնա: Հայերը ստեղծագործող ազգ են ու որտեղ էլ հայտնվեն, կարող են ոչնչից շատ բան ստեղծել:
- Գյումրիում 6 տարի ապրել եք, մայրական կողմից էլ գյումրեցի եք, հետաքրքիր է՝ ժառանգե՞լ եք գյումրվա հումորը:
- Միանշանակ, ժառանգել եմ: Ես լավատես մարդ եմ ու սիրում եմ հումորով, կատակասեր շրջապատում լինել:
- Վրաստանից դուրս գալուց հետո երբևէ գնացե՞լ եք այնտեղ: Ձեր ծննդավայրում մենահամերգով ներկայանալու ցանկություն չունե՞ք:
- Ո՛չ, 1989 թվականից հետո Վրաստանում չեմ եղել: Իհարկե, ցանկությունս մեծ է Թիֆլիսը, իմ ապրած բակը տեսնել: Ինձ երբեմն հարցնում են՝ քո հայրենիքը Վրաստա՞նն է: Ո՛չ, այն իմ ծննդավայրն է, իսկ հայրենիքս Հայաստանն է: Բայց ես գնահատում եմ իմ անցյալը: Մի քանի անգամ ծրագրել եմ այցելել, բայց ժամանակս չի բավականացրել: Այս անգամ էլ, քանի որ Հայաստանում մի քիչ երկար էի մնալու, մտածեցի նաև Վրաստան գնալ: Բայց, փաստորեն, պետք չի պլանավորել, պետք է հանպատրաստից վեր կենալ ու գնալ: Նկատել եմ, որ նախապես կայացրած որոշումներս չեն ստացվում (ծիծաղում է, հեղ.):
- ԱՄՆ-ում, բացի երաժշտական, համերգային գործունեությունից, այլ զբաղվածություն ունե՞ք:
- Ոչ, այս պահին ինձ համար առաջնահերթ է միայն իմ երգարվեստը, ինչով էլ զբաղվում եմ:
- Կարեն, չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին, կարևորո՞ւմ եք ապագա ընտրյալի ազգային պատկանելությունը, թե՞ դա երկրորդական հարց է:
- Իհարկե, մտածում եմ ընտանիք կազմելու մասին, յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է մտածի այդ ուղղությամբ: Կարևորում եմ, որ կողակիցս հայուհի լինի: Դա իմ ցանկությունն է, բայց, ինչպես ասում են, ամեն մեկն իր ճակատագիրն ունի, չգիտենք՝ վաղը, մյուս օրն ի՞նչ կլինի:
- Ի դեպ, Ձեր բնակության վայրից քիչ հեռավորության վրա՝ Լաս Վեգասում, օրերս կայացած երաժշտական փառատոնի ընթացքում հանդիսատեսի ուղղությամբ կրակոցներ արձակվեցին, ինչի հետևանքով գնդակահարվեց մոտ 60 հոգի, 500-ից ավելի քաղաքացի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ: Տեղյա՞կ եք այդ մասին:
- Իհարկե, տեղյակ եմ: Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, իսկական ողբերգություն է, դա շատ ցավալի է: Ոչ-ոք իրավունք չունի գողանալ որևէ մեկի կյանքը: Ցավակցում եմ այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան…