05/10/2017 11:26
Հարվածների ժամանակ ես Գեղամյանի կյանքի գնահատականը տվել եմ, եթե անկեղծ ասեմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի նիստերի դահլիճում Փաշինյան-Գեղամյան լեզվակռիվը վերածվել է ձեռնամարտի, բայց դահլիճից դուրս՝ ԱԺ միջանցքում։ Նախ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը, սակայն Արտաշես Գեղամյանը Aysor.am-ի թղթակցի հարցերին ի պատասխան հերքեց՝ ասելով, որ եթե ինքը բռունցքներով հարձակվեր Փաշինյանի վրա, ապա նա այժմ հիվանդանոցում կլիներ։
Նիկոլ Փաշինյանը, իր աշխատասենյակի մոտ մեկնաբանելով Գեղամյանի այդ հայտարարությունը, ասաց. «Դա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է»։
Նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, քանի որ չի կարծում, թե դա այն միջադեպն է, որի համար կարելի էր նման իրարանցման մեջ ընկնել։
Aysor.am-ի դիտարկմանը, թե պատգամավորի վրա բռունցքներով հարձակման մասին է խոսքը, Փաշինյանն ասաց, որ չի կարող մանրամասներ հրապարակել և կարող է ընթերցել ֆեյսբուքում արված իր գրառումը. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։ Թեման սպառված է»։
Մեր նկատառմանը, թե Փաշինյանի աշխատասենյակից Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դուրս եկավ, Փաշինյանը արձագանքեց. «Այո՛, նիստերի դահլիճում Գորգիսյանը հայտարարել էր այդ մասին, և Մելիքյանը եկել էր իմանալու՝ ինչ է տեղի ունեցել»։
Մեր հարցին, թե բացի բռունցքներով հարձակումից, հայհոյանքներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանեց. «Ես իր կյանքի գնահատականը, եթե անկեղծ ասեմ, տվել եմ»։