05/10/2017 19:05
Հայաստանի կրկեսի ղեկավարն ուզում է տեսնել Հենրիխ Մխիթարյանին, որ «երեսով տա» վերջինիս ստեղծած քաոսը Ֆրանսիայում
Չնայած` ֆուտբոլը Հայաստանում իր բարձունքների վրա չի գտնվում` միևնույն է, Հայաստանի ազգային հավաքականի խաղերը շարունակում են հետաքրքրել ու ոգևորել, լարված սպասման մեջ պահել հայ երկրպագուներին: Նրանց շարքերում են ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև՝ քաղաքական ու մշակութային գործիչները, բժիշկներն ու ինժեներները…
0:3. Երևանում այսօր կայանալիք Հայաստան-Լեհաստան հանդիպման նախաշեմին հենց այսպիսի հաշիվ է գուժում Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը, ով այսօր դարձավ 69 տարեկան:
«Ցավոք սրտի, հաշիվը հօգուտ Լեհաստանի կլինի: Նախ, Լևանդովսկին է շատ ուժեղ, հետո այնտեղ հայտնի հարձակվողներ կան: Եթե նույնիսկ 0:3 հաշվի պարտությամբ սահմանափակվենք, էլի լավ է», - Aysor.am-ի հետ զրույցում հույս հայտնեց վաստակավոր գործիչը:
Ֆուտբոլի երկրպագուն ժամանակին նաև ֆուտբոլով է զբաղվել. խաղացել է Վրաստանի հավաքականի կազմում: Նկատում է՝ մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ այս մարզաձևը չի զարգանում Հայաստանում:
«Ինձ Ենգիբարյանը միամիտ տեսավ ու իր հետ Մոսկվա տարավ՝ կանխելով ֆուտբոլային կարիերաս: Այնպես որ, ֆուտբոլի նկատմամբ իմ սերն արդարացված է: Շատ եմ ափսոսում, որ մեր երկրում այս ժանրի զարգացումը ճիշտ չի կազմակերպվում: Երբ տեսնում եմ մարզադաշտերի դատարկ նստարանները, ցավում եմ: Մի՞թե չէր կարելի այս 20 տարվա ընթացքում այդ մշակույթը զարգացնել: Բայց դե ես լավատես եմ, կարծում եմ՝ դա էլ կշտկվի», - նկատեց մեր զրուցակիցը:
Հոբելյարն իր օրն անցկացրել է գործնական միջավայրում, այժմ էլ օդանավակայանում է, Մոսկվայի կրկեսից ժամանած գործընկերներին ճանապարհելուց հետո կուղևորվի տուն՝ կնոջ, դստեր ու թոռնիկների հետ վայելելու ֆուտբոլային ակնթարթները: Հարցին, թե ինչո՞ւ անձամբ չի համալրում մարզադշտում գտնվող երկրպագուների շարքը, պատասխանեց.
«Սովորաբար, միշտ գնում եմ, ուղղակի այսօր չեմ հասցնի: Իհարկե, լավ խաղերին եմ գնում, հատկապես, երբ Հենրիխ Մխիթարյանն է խաղում: Հիշում եմ, 1992 թվականին, երբ Հենրիխը 4 տարեկան էր, իր հայրիկի հետ եկավ կրկես: Այդ ժամանակ ես Ֆրանսիայի Վալանս քաղաքում էի աշխատում, Համլետ Մխիթարյանն էլ խաղում էր Վալանսի թիմում: 4-ամյա Հենրիխը կրկեսին կից մեր քարավանում, իսկական, քաոս ստեղծեց, խառնեց, շուռ տվեց: Չեմ հարմարեցնում իր հետ հանդիպել, որ այդ պատմությունը հիշեցնեմ», - ծիծաղելով վերհիշեց Սոս Պետրոսյանը: