05/10/2017 13:40
Արա Բաբլոյանն անընդունելի է համարում բռնության որևէ դրսևորում, իսկ Փաշինյան-Գեղամյան միջադեպի առնչությամբ կկատարվեն ուսումնասիրություններ. Արսեն Բաբայան
«ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անընդունելի է համարում բռնության որևէ դրսևորում անկախ տեղից ու մասնակիցներից: Իսկ կոնկրետ դեպքով կկատարվեն անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականությունը բացահայտելու և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ», - Aysor.am-ին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա ԱԺ նիստերի դահլիճում նրանց միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո:
Նշենք, որ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ «Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց», - ասել էր Ա.Գեղամյանը։
Ի պատասխան Ա.Գեղամյանի հերքումների, Ն.Փաշինյանը ԱԺ նիստում Հանրապետական խմբակցությունից պարզաբանում պահանջեց կատարվածի վերաբերյալ։