05/10/2017 16:28
Ցանկացած ոչ կոռեկտ արարք ես չեմ ընդունում. Շարմազանովը՝ Գեղամյան-Փաշինյան միջադեպի մասին (Տեսանյութ)
Հանրապետական խմբակցությունում այսօր կայացել է հանդիպում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ես մի բան կարող եմ ասել՝ պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս պատգամավորների կողմից բռունցնքերով խնդիր լուծելու ցանկացած ոչ կոռեկտ արարք ես չեմ ընդունում», - հայտարարեց Է.Շարմազանովը։
Հարցին, թե այսօր Ազգային ժողովի միջանցքում Փաշինյանի ու Գեղամյանի միջև տեղի ունեցածը այդ դե՞պքն էր, Շարմազանովւը պատասխանեց. «Ես արդեն ասացի։ Եթե դուք գտնում եք, որ նման դեպք էթիկայի կանոնների մեջ տեղավորվում է, ուրեմն այդ դեպքը չէր»։
Է.Շարմազանովն ասաց, որ ինքը որպես ԱԺ փոխնախագահ, շահագրգռված է, որ նման դեպքեր խորհրդարանում չկրկնվեն։
Հարցին, թե ի՞նչ են Հանրապետական խմբակցությունում խոսել Փաշինյանի և Գեղամյանի հետ, Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ իրենք գործընկերներով կարող են շատ բան խոսել, բայց դա հրապարակելու կարիք չկա։
«Ես, որպես կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ, շատ պարզ, հանրամատչելի ասում եմ՝ պառլամենտում պառլամենտականների կողմից, պառլամենտի դահլիճում և դահլիճից դուրս լրագրողների, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցքներով հարցերը լուծելն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելը ինձ համար անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե հեղինակը ինչ կուսակցության ներկայացուցիչ է», - ընդգծեց նա: