06/10/2017 16:29
Կապանի պիցցան արտահանվելու է Ռուսաստան
Կապանում բացվելու է պիցցայի գործարան, որն ունենալու է 30-100 աշխատատեղ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
«Միտքն իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյիին է, ով նախապես ցանկացել է գործարան հիմնել Երևանում, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է Կապանը», - նշեց մարզպետը:
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ գործարանի բոլոր աշխատակիցներն ու մասնագետները լինելու են Հայաստանից, մեծամասնությունը՝ Սյունիքի մարզից:
«Սա բավականին լուրջ գործարան է: Տարածքը իտալացիներն արդեն վարձակալել են, վերջնական աշխատանքներն ենք անում», - ասաց մարզպետը:
Նա նշեց, որ բոլոր սարքավորումները բերվել են Իտալիայից, իսկ արտադրության հիմնական ծավալն արտահանվելու է Ռուսաստան:
«Արտադրությունը սկսելու են 200 հազարից ու հասցնելու են ամսական կես միլիոնի, պատրաստվելու է 12 տեսակի պիցցա», - մանրամասնեց Վահե Հակոբյանը:
Մարզպետն ասաց, որ ընդհանուր ներդրումները կազմել են 300 հազար դոլար:
«Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամը նույնպես ցուցաբերել է իր աջակցությունը, իսկ ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ընդլայնել գործարանի արտադրությունը», - հավելեց Սյունիքի մարզպետը: