06/10/2017 15:51
Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ, հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները:
Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման և զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման և կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:
Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարևան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է.«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, և մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարևոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետևաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների և համագործակցության խորացման գործում: