06/10/2017 23:33
Կապանում միջազգային ստանդարտներին համապատասխան կինոթատրոն է գործելու (Լուսանկարներ)
Կապանցիներն այսուհետ ֆիլմ նայելու համար ստիպված չեն լինի գալ հասնել Երևան. քաղաքում շուտով կինոթատրոն է գործելու, որը տեղակայված է քաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում:
«Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել», - լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքների համար կինոթատրոնը լինելու է անվճար:
Մարզպետի խոսքով՝ կինոթատրոնի բացումը միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն:
«Ցանկանում ենք մինչև Ամանոր կինոթատրոնը Կապանին նվեր մատուցել», - նշեց Վահե Հակոբյանը:
Մարզպետի խոսքով, կինոթատրոնը հագեցած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանող գերմանական արտադրության կինոտեխնիկայով։
«Ձեռք են բերվել պայամանավորվածություններ մի շարք միջազգային կինոմատակարարների հետ, ինչը հնարավորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմերը», - ասաց նա:
Վահե Հակոբյանն ասաց, որ կինոթատրոնն ունենալու է նվազագույնը 10 աշխատող: