06/10/2017 16:15
Հայ ըմբիշները համաշխարհային դասակարգման աղյուսակում լավագույնների շարքում են. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) պատվիրակ Ֆերենց Ջիարմատիին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը ողջունել է հյուրին և տեղեկացրել, որ ըմբշամարտը մեր երկրում հենակետային մարզաձևերից է և գտնվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում:
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայ ըմբիշները համաշխարհային դասակարգման աղյուսակում լավագույնների շարքում են», - նշել է նախարար Ռոստոմյանը:
UWW-ի պատվիրակը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի մասին՝ ասելով, որ այն բավական ուժեղ մրցաշար է և նշանակալի դեր ունի մեր երկրում ըմբշամարտի զարգացման գործում:
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարն ամենամյա է: 2017 թվականին այն անցկացվում է հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում: