06/10/2017 20:16
Կրկեսի վերակառուցման ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էին եղել, որոնք հնարավոր եղավ շտկել ռուս գործընկերների շնորհիվ. Սոս Պետրոսյան
Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը երեկ նշում էր ծննդյան 69 ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է անցկացրել տոնական օրը:
«Երկու օր առաջ հանդիպում ունեինք մեր կրկեսի վերակառուցման հովանավոր Սամվել Կարապետյանի հետ: Նրա խորհրդով Մոսկվայից բարձրակարգ մասնագետներ, կրկեսի գիտակներ ենք կանչել, ովքեր հրաշալի գիտեն կրկեսի տեխնոլոգիան: Մոսկվայի Նիկուլինի կրկեսում իմ խնամին՝ հարսիս հայրն է աշխատում՝ Վլադիմիր Տարասովը, ով անշահախնդիր եկավ այստեղ, մի քանի օր մեզ հետ աշխատեց, կարևոր խորհուրդներ տվեց: Այն տեխնոլոգիան, որր գոյություն ունի Նիկուլինի կրկեսում, փոխանցեց նաև մեզ: Այնպես որ, իմ ծննդյան ամբողջ օրը կրկեսի շինարարական հրապարակում ենք եղել: Ճիշտ է, ներկա պահին կրկեսը չի աշխատում, բայց մենք ոչ մի օր պարապ չենք մնում», - մանրամասնեց հոբելյարը:
Կրկեսի ղեկավարը խոստովանեց՝ Երևանի պետական կրկեսի վերակառուցման ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էին եղել, որոնք հնարավոր եղավ շտկել ռուս գործընկերների շնորհիվ:
«Մենք որոշ բաներ սխալ էինք արել, Տարասովը միակ մասնագետն էր, ով կարող էր ուղղել այդ ամենը: Ուսումնասիրել ենք այն տարածքները, որտեղ պետք է լինեն ստուդիան, մարզիչների սենյակը, ուսանողների հանդերձարանը և այլն: Այսպես էլ անցել է ծննդյանս օրը, երեկոյան էլ իրենց ճանապարհեցի ու գնացի տուն՝ կնոջս, աղջկաս ու թոռնիկներիս հետ ֆուտբոլ նայեցի: Ընթացքում էլ մի-մի բաժակ խփեցինք ու շնորհավորեցինք: Դե, ընտանիքս արդեն սովորել է իմ այս ռեժիմին», - ժպիտով նկատեց նա:
Հոբելյարը, սակայն, չի բողոքում տոնական օրվա ոչ տոնական զբաղվածությունից: Ավելին, նկատում է՝ ուրախ է, որ անգամ իր ծննդյան օրն է գործնական վազքի մեջ:
«Ես չեմ սիրում, որ նստում են, խմում, կենացներ ասում: Դա իմը չէ, նստակյաց մարդ չեմ ես: Մի գաղտնիք բացեմ՝ 100 տարի այս կրկեսի ղեկավարն եմ, բայց դեռ իմ աշխատասենյակում, իմ աթոռին նստած չկամ: Բանակցությունները միշտ վարել եմ գոմում, ձիերի մոտ, դերասանների փորձասենկաներում, կրկեսի «մանեժում»… Հիմա մի բան եմ ուզում՝ կրկեսը շուտ բացվի, մեր ժողովուրդը երկար սպասեց», - նշեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, Սոս Պետրոսյանը ծննդյան օրը շնորհավորանքների պակաս չի ունեցել: Առաջին շնորհավորողներից է եղել Մոսկվայի կրկեսների ղեկավար Դմիտրի Իվանովը, ով նաև հրավիրել է նոյեմբերի 17, 18, 19-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք կրկեսային արվեստի միջազգային ֆորումին, որտեղ նա պետք է ելույթ ունենա «Հայկական կրկեսը և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով: