07/10/2017 12:16
Իտալացի գործարարը փոշմանել է. Երևանի փոխարեն պիցցայի գործարան կհիմնի Կապանում
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կապանում շուտով պիցցայի գործարան է հիմնվելու, իսկ միտքն իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյիին է, ով նախապես ցանկացել է գործարան հիմնել Երևանում, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է Կապանը:
«Ես Հռոմից Հայաստան եմ եկել մեկ տարի առաջ, մասնագիտությամբ ավագ խոհարար եմ, Իտալիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ունեմ մի շարք ռեստորաններ: Վերջին մեկ տարվա ընթացքում ես Սյունիքում աշխատել եմ նոր ծրագրի վրա, որն է` հատուկ պայմաններում ստեղծել սառեցված կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն», - լրագրողների հետ զրույցում ասաց իտալացի գործարարը:
Նա նշեց, որ արտադրանքն արտահանվելու է Եվրաասիական շուկա:
«Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է իտալական ձևով, սակայն բացառապես տեղական մթերքով: Փորձելու ենք մթերքը ձեռք բերել Սյունիքի մարզի հարակից տարածքներից, ինչը կնպաստի ընկերության ֆինանսական տնտեսմանը», - նշեց նա:
Նիկոլա Դի Մաուրոյիի խոսքով` նախատեսվում է գործարանում 1 ամսվա ընթացքում արտադրել մոտ 250.000 պիցցա:
«Մենք արտադրության ավտոմատացումը փորձել ենք հնարավորինս նվազեցնել, որպեսզի ստեղծենք ավելի շատ աշխատատեղ: Գործարանում նվազագույն աշխատատեղերի քանակը 1 գծային արտադրամասում կլինի 50 աշխատող, իսկ առավելագույն աշխատատեղերի քանակը 3 գծային արտադրամասում՝ 150 աշխատող», - ասաց նա:
Իտալացին նշեց, որ գործարանը պատրաստվել է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենաբարձր սարքավորումներով:
«Մեր չափորոշիչն է ոչ միայն ապահովել սննդի բարձր որակ, այլև ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատողներն աշխատեն որակյալ պայմաններում: Գործարանում աշխատելու են որակավորված մասնագետներ: Արտադրամասի տեխնիկան ամբողջովին իտալական է, որը կապահովի ամենաբարձր արդյունքը: Սննդի մշակումը նույնպես կլինի բարձր որակով», - ասաց նա:
Կապանի պիցցայի գործարանի հիմնադիրն ասաց, որ ապրանքատեսակների սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է, ինչպես նաև՝ Իրանի մի մասը:
«Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականցնել` հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը և տեղացիների նկատմամբ նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը փորձում է տեղի բոլոր խնդիրներին լուծում տալ, ինչն արտերկրի բիզնեսի համար շատ կարևոր գործոն է», - հավելեց Ն. Նիկոլա Դի Մաուրոյին: